Ապրիլի 21-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում տեղի է ունեցել «Մոռացված Ցեղասպանություն 1915-1918» խորագրով սեմինար՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սեմինարին ներկա էին խորհրդարանականներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, կրոնական և հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է Շվեդիայում ՀՀ դեսպանությունը:
Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը բացման խոսքում անդրադարձել է Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ պատմության դասերը չկրկնելու, ապագա ցեղասպանությունները կանխարգելելու և բռնությամբ քաղաքական խնդիրները լուծելու մտածելակերպի դեմ պայքարելուն։
«Նման մտածելակերպի դեմ պայքարը թույլ կտա մեր տարածաշրջանում հասնել իրական հաշտեցման, ինչի համար անհրաժեշտ է հրաժարվել ժխտողականության քաղաքականությունից»,- նշել է դեսպանը:
Սեմինարի ընթացքում ելույթ է ունեցել նաև Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Ռիկսդագի պատգամավոր Ռոբերտ Հալեֆը և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի փոխխոսնակ, հույն պատգամավոր Իոաննիս Ամանատիդիսը։
Միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը և պատմաբան Դևիդ Գաունտը խոսել են Ցեղասպանության պատմության, դրդապատճառների, քաղաքական և իրավական հետևանքների մասին, իսկ լրագրող Մարի Ստարկը ներկայացրել է թուրքական հասարակության մեջ դեպի խնդրի ճանաչումը նկատվող տեղաշարժը։
Լսարանին նաև բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն է ընձեռնվել: Սեմինարի ավարտին համերգային կատարմամբ հանդես է եկել շվեդահայ թավջութակահար Ջորջ Հայրապետյանը: