Գերմանիայի Բունդեսթագում այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանությանը նվիրված լիագումար նիստի ժամանակ հնչած 9 ելույթներից 7-ում պատգամավորները Ցեղասպանություն են անվանել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի, հույների և ասորիների կանխամտածված բնաջնջումը,- հայտնում է Արմենպրեսը:
Նախատեսված մեկ ժամի փոխարեն քննարկումները տևել են շուրջ 2 ժամ:
Խոսելով 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին՝ տարբեր խմբակցություններին պատկանող պատգամավորները, որոնց թվում են եղել Նորբերտ Լամերը, Քրիստոֆ Բերգները, Ջեմ Օզդեմիրը, Նորբերտ Ռոտգենը, Բերնտ Ֆաբրիցիուսը, միաձայն ճանաչել են այն որպես Ցեղասպանություն և դատապարտել են դրա ժխտումը: Հատկանշական է եղել թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի ելույթը, որի ժամանակ նա խստորեն քննադատել է Հայոց ցեղասպանության ժխտումը և կոչ արել ներողություն խնդրել հայերից և Հայաստանից:
Իշխող ՔԴՄ պատգամավոր Նորբերտ Ռոտգենը շեշտել է Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի պատասխանատվության մասին և հայտարարել է, որ նույնիսկ հարյուր տարի անց ուշ չի լինի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն՝ Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆան Զայբերը հայտարարել է , որ Մերկելը համամիտ է օրենսդիրների հետ` տերմինն օգտագործելու հարցում:
Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը Գերմանիայի Բունդեսթագում վերջնական քննարկման կդրվի ապրիլի 30-ին: