ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ընդունել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փաստաթուղթը քննարկման էր դրել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովը: Պետդուման խորին ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչպես նաև այն ժողովուրդներին, որոնք տուժել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգության ժամանակ:
«Պատմության դժվար հարցերը պետք է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում նաև դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում ամուր խաղաղության և անվտանգության հաստատման»,- նշել են պատգամավորները։
Պետդուման կարծում է, որ Եվրասիա մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիական հարաբերությունների և իրավահավասար համագործակցության, խաղաղության և արարման օրինակ։
Փաստաթղթի մեջ նաև նշվում է, որ պատգամավորները հիմնվում են «արդարության սկզբունքների վրա և աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին», ինչպես նաև հանդես են գալիս «փոխադարձ հարգանքին և երկխոսությանը, որոնք անհրաժեշտ պայմաններ են նախկին և ներկայիս հակամարտությունները լուծելու, կողմերին հաշտեցնելու համար»: