Ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չափար գյուղից «Հայ բարեկամների միավորման» տասը երիտասարդներ ոտքով հասել են Երևան՝ Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին,-հայտնում է Panorama.am-ը: Երիտասարդներն անցել են մոտ 450 կմ ճանապարհ՝ Չափար-Ստեփանակերտ- Լաչին-Գորիս-Էջմիածին-Երևան ուղղությամբ:
Երիտասարդներից, որոնց թվում է նաև 12-ամյա Տիգրանը, պահանջվել է 10 օր Ծիծեռնակաբերդ հասնելու համար:
«Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ենք: Ղարաբաղից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ենք եկել ոտքով: Մենք որոշեցինք քայլել և զգալ այն ֆիզիկական ցավը, որն զգացել են 1,5 մլն հայերը, որոնք տեղահանվեցին իրենց բնօրրաննից: Չեմ կարող նկարագրել, թե հոգևոր ինչ զգացողություններ ենք ունեցել»,- նշել է «Հայ բարեկամների միավորում» հ\կ նախագահ Սերգեյ Եփրեմյանը: