Երեկ երեւանյան ԼՈՖԹ ակումբում տեղի ունեցավ հանդիպում «Գրական Տապան. ապրիլ» փառատոնի պատվավոր հյուր` ֆրանսիացի արձակագիր Բեռնար Վերբերի հետ: Հայ ընթերցասերների հետ հանդիպման ընթացքում Վերբերը ներկայացրեց իր «Պատմվածքների ժողովածու» գիրքը, որը նաեւ հայերեն էր թարգմանվել:
Գրքի շնորհանդեսն անցավ ընթերցումների և քննարկումների շատ աշխույժ եւ ջերմ միջավայրում, իսկ արձակագիրն ինքը օգտվելով առիթից հայտարարեց, որ քաջ գիտակցում է, թե այդ պահին ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչ հուզված ու ոգեւորված է ողջ հայ ժողովուրդը: «Իհարկե, ես զորակից եմ ձեր դատին, որը ճշմարտության ու արդարության խնդիր է: Բայց պետք չէ նայել դեպի անցյալը, պետք է փորձել հայացքն ուղղել դեպի ապագան: Կարծում եմ, որ հենց այս պատգամն է, որ բավարար չափով չի ասվում հայերին՝ Հայաստանն ապագա ունի: Ինձ թվում է, որ ամեն տեղ միայն ասում են՝ ունենք անցյալ, ունենք անցյալ, բայց չէ որ նաեւ ապագան կա», - դիմել է հավաքվածներին Բեռնար Վերբերը: