Սոչիի Կաթոլիկ եկեղեցում ապրիլի 24-ին պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել 100-րդ տարելիցին վերաբերյալ միջոցառում, որը կազմակերպվել է Ռուսաստանի հայ կաթոլիկների կողմից՝ հաղորդում է «Արմեդիա» ՏՎԳ թղթակիցը Սոչիից։
Պատարագը սկսվել է եռագույն մոմը վառելուց՝ խորհրդանշող Հայաստանի դրոշի երեք գույները։ Այնուհետև հնչել են եկեղեցու զանգերի 100 ղողանջները։
Պատարագի ընթացքում կոչ է արվել աշխարհի բոլոր մարդկանց սպանել իրենց մեջ անտարբերությունը, քանի որ մարդիկ բավական անտարբեր են դարձել միմյանց տառապանքների հանդեպ։
Եկեղեցում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշատախտակ։ Տեղի է ունեցել 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, մասնակիցներին ներկայացվել են Հայոց ցեղասպանության պատմությունը, տեղի ունեցած բռնությունները։ Հնչել են հայկական ազգային երգեր, բանաստեղծություններ։
Ըստ «Արմեդիա» ՏՎԳ թղթակցի, մասնակիցների թիվը գերազանցել է 300-ը։