Երևանում կայացած Ֆրանսուա Օլանդ - Վլադիմիր Պոտին հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրներ, այնպես էլ միջազգային մի շարք կարևոր հարցեր: Հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է ֆրանսիական «Միստրալ» ուղղաթիռակիրները Ռուսաստանին փոխանցելու խնդիրը: Չնայած քննարկումներին, վերջնական որոշում այս հարցով չի հայացվել: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
Ըստ Ֆրանս-Պրեսս գործակալության՝ Օլանդը վերահաստատել է «Միստրալների» մատակարարման անհնարինությունը:
«Ինչ վերաբերում է «Միստրալներին», ես ներկայացրել եմ խնդրի լուծման երկու հնարավոր տարբերակ՝ կամ «Միստրալները» կփոխանցվեն, սակայն այսօր մենք նման որոշում մտադիր չենք ընդունել, կամ կտրամադրվի փոխհատուցում այն չափով, որը մենք կհամաձայնեցնենք մոտ ապագայում: Այս պահին որևէ որոշում ընդունված չէ»,- նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Միաժամանակ, Reuters-ը, հղվելով իր աղբյուրների վրա, հաղորդում է, որ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են չեղյալ հայտարարել պայմանագիրը: Դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում Ֆրանսիան պարտավորվելու է վերադարձնել «Միստրալի» համար վճարված գումարը: Ըստ շրջանառվող տարբեր լուրերի՝ այդ գումարը կարող է կազմել մոտ 1.5 մլրդ եվրո: Նշենք, որ ռուսական կողմը ևս համաձայն է այս տարբերակին: