Միջազգային եվրոպական շարժումը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

15:33     25 ապրիլի, 2015

Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում ընթացող  երկօրյա գագաթաժողովին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել:

Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»: 

Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդ թվում Թուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության և Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը՝ իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և ամագործակցությունը:

Բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»:

«Հայաստանի եվրոպական շարժման» նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հավելել է. «Եվրոպական շարժման կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Հայաստանի եվրոպական շարժման» համար պատիվ և պարտականություն է այս գործընթացի մասը կազմել»:

 

 


© armedia.am