Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում ընթացող երկօրյա գագաթաժողովին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել:
Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:
Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդ թվում Թուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության և Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը՝ իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և ամագործակցությունը:
Բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»: