Ապրիլի 24-25-ին Չինաստանի Պեկին, Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի ունեցան չինահայ համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի Չինաստանի հայկական համայնքը նախընտրեց չինացիներին մշակույթի ձևով ներկայացնել Հայաստանն ու հայոց ցեղասպանության հարցը:
Ապրիլի 24-ին Պեկինում ՀՀ դեսպանատանը ցուցադրվեց հայ կինոռեժիսոր Ռուբեն Գինեյի մրցանակակիր փաստագրական ֆիլմը, որը կոչվում է «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրությունը»: Ֆիլմը պատմում է Չինաստանում հայերի ներկայության պատմությունը, ինչպես նաև անդրադառնում է երկու հին քաղաքակրթությունները միավորող կապերին:
Ապրիլի 24-ին Շանհայի կենտրոնում՝ Բունդում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո: Ներկաները ծանոթացան հայկական դասական երաժշտությանն ու պարարվեստին: Չինացի նկարիչ ուսանողները ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարներ:
Նանջինգ քաղաքում չինահայ համայնքի անդամներն այցելեցին Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի: Հիշեցնենք, որ 1937թ. ճապոնացիներն այս քաղաքում կոտորել են 300000 չինացիների:
Ապրիլի 25-ին Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացավ գեղանկարիչ Սևադա Գրիգորյանի «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը: Բացման արարողությանը ներկաներն ունկնդրեցին Հայոց ցեղասպանության խորհրդանիշը հանդիսացող «Դլե յաման» ստեղծագործությունը, որը կատարեց դուդուկահար Վահե Դեր-Հովակիմյանը:
Նանջինգի Արվեստի համալսարանի Մեծ համերգասրահում Մոսկվայի արվեստի և մշակույթի համալսարանի ավագ դասախոս, դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին ներկայացրեց «Հայաստանի գաղտնիքները» դաշնամուրային համերգային ծրագիրը, որում տեղ էին գտել հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները: Միքայել Հայրապետյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է չինացի ընկերներին ներկայացնել հայկական դասական երաժշտությունը»:
Համերգից հետո ցուցադրվեց Միքայել Հակոբյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը: Նշենք, որ ֆիլմն առաջին անգամ թարգմանվել է չինարեն:
Համերգից հետո տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրեցին իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում:
Միջոցառումներին մասնակցեցին Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում, Ֆոշանում բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որ մասնակցեցին հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, որոնք տեղեկատվություն ստացան Հայոց ցեղասպանության մասին, ծանոթացան հայկական արվեստին: