Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Ապրիլի 27-30-ը կգումարվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան։ Քննարկվելու են ԵՄ բյուջեին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև Ալբանիայի և Բոսնիայի ու Հերցեգովինայի 2014թ․ առաջընթացի զեկույցները։
Ապրիլի 27-ին Եվահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերի, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի մասնակցությամբ տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա գագաթաժողով։ Հաջորդ օրը կգումարվի «Միջազգային աջակցություն Ուկրաինային» համաժողովը։
Ապրիլի 28-ին Եվրահանձնաժողովը հաստատելու է Անվտանգության ոլորտում ԵՄ օրակարգը։ Նոր օրակարգում շեշտը դրված է ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի վրա։