Ըստ Financial Times-ի՝ Եվրոպայի համար իրական սպառնալիք է ոչ թե Հունաստանը, այլ Ուկրաինան: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ռազմավարական և երկարաժամկետ տնտեսական շահերի տեսանկյունից առավել վտանգավոր է հենց Կիևի կոլափսը: Տվյալ դեպքում ակնհայտ կդառնա, որ Բրյուսելը չի կարողանում պաշտպանել իր շահերը:
Եվրամիությունից Հունաստանի դուրս գալն աղետ կդառնա առաջին հերթին հենց այդ երկրի համար, իսկ ԵՄ-ի համար կլինի բավական մեծ ֆինանսական վնաս և հարված հեղինակությանը, ուստի Եվրամիությունն ամեն կերպ կփորձի դա կանխել: Հատկանշական է նաև այն, որ Հունսաստանը՝ դուրս գալով ԵՄ-ից չի փլուզի միասնական արժույթի միությունը, հակառակը՝ նման քայլը երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է անգամ առավել ամրապնդի այն:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Մոսկվայի և Կիևի նկատմամբ իրականացվող Բրյուսելի քաղաքականության հաջողությունը կամ տապալումը կարող է ճակատագրական լինել կառույցի համար: Ուկրաինան գտնվում է «անվճարունակության» եզրին, անհրաժեշտ է իրականացնել պարտքի կառուցվածքի փոփոխություն՝ ԵՄ-ից ֆինանսական աջակություն ստանալու համար: Այնուամենայնիվ, Եվրամիության համար Ուկրաինան հանդիսանում է ոչ միայն բավական հարմար ներդրում, այլ նաև իր ռազմավարական նշանակության ամրապնդման լավ հնարավորություն: