ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Ռիգայում կվերահաստատի Եվրոպական միության հետ համապարփակ համագործակցության իր պատրաստակամությունը, հայտնում է Արմենպրես-ը:
Պատասխանելով բելգիացի լրագրողի այն հարցին, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի մայիսին Ռիգայում կայանալիք Եվրոպական միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովից՝ Նալբանդյանը նշել է. «Համատեղ հռչակագրում ասվում է, որ Հայաստանը և Եվրամիությունը ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և ձևաչափերով, որոնք չեն հակասում այլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:
Բելգիայի Թագավորության փոխվարչապետ և արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսն իր հերթին նշել է, որ Բելգիան ցանկանում է, որ բոլոր անդամ պետությունները գագաթնաժողովին ներկայանան իրենց ողջ ներուժով և արձանագրած հաջողություններով: