Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ հարյուր հազարավոր այս ծաղիկները հատուկ տեխնոլոգիայով վերամշակվելու են, ինչի արդյունքում ստացվելու է գրելու թուղթ:
«Այն նվիրաբերվելու է Ցեղասպանության թանգարանին, որն այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելիս: Իսկ ծաղիկների մնացած մասին պատրաստված պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակի հողի մշակման համար», - ասել է Մարտիրոսյանը:
Տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, դպրոցականներն ու ուսանողները, կամավորները թոշնած ծաղիկները հավաքելուց հետո ցողունն անջատում են ծաղկաթերթիկից: Առաջինից պատրաստվում է պարարտախառնուրդը, իսկ թերթիկներից՝ վերամշակված թուղթ: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթիկից ստացվում է A3 չափի 40 թուղթ:
Ավանդական դարձած ծաղկահավաքը իրականացվում է 2010-ից և ավանդաբար տևում էր մեկ օր, սակայն այս տարի ծաղկահավաքի համար կպահանջվի երկու օր, որպեսզի ծաղիկների ողջ քանակությունը մշակվի, և ընտրված ծաղկաթերթիկները չորանան: