Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն է բացվել

18:53     28 ապրիլի, 2015

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ քաղաքապետարանի շենքում բացել է «Հայաստան 1915. Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ցուցահանդեսը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան Twitter-ի էջը: Բացման արարողությանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը: Ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 4-ը:

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացվելու են Ցեղասպանության թեման լուսաբանող հարյուրավոր փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ՝ բերված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև՝ Փարիզի Նուբարյան գրադարանից: Առանձին բաժին կնվիրվի Ավրորա Մարդիգանյանի կենսագրությանը:

Ինչպես ավելի վաղ ArmenianGenocide100.org-ին հայտնել էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառումը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

 Հիշեցնենք, որ Փարիզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ևս մեկ ցուցահանդես ապրիլի 2-ին բավցել է Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում. այն կգործի մինչև սեպտեմբերի 27-ը:


© armedia.am