Դիլիջանը կհյուրընկալի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողների

17:09     30 ապրիլի, 2015

Մայիսի 1-3-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը: Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Խաղերը կանցնեն «Բեսթ Վեսթերն Դիլիջան Փերեդայզ» հյուրանոցում:

Փառատոնն անցկացվելու է Հայաստանում արդեն երրորդ անգամ: «Դիլիջանյան խաղերին» մասնակցելու են 6 երկրների գիտակները, որոնց թվում են  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողներ՝ մագիստր Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Ռուբինը,  Ելենա Պոտանինան և այլ հայտնի գիտակներ: Թիմերը  կմրցեն 4 անվանակարգերում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Էրուդիտ» և «Քո խաղը» անհատական մրցաշարում:

Նախորդ տարի Դիլիջանում անցկացված «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ակումբների Միջազգային Ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա մրցաշար»  մրցանակի:

Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին կմասնակցի 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Այս տարի գիտակները ժամանել են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Իժևսկից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Կիևից, Դոնեցկից, Դնեպրոպետրովսկից, Թբիլիսիից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից: 


© armedia.am