Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից շատ ակնկալիքներ կան․ Ա․Ղուլյան

12:43     3 մայիսի, 2015

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է  Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքի 8-րդ տեղամաս և կատարել իր քաղաքացիական պարտքը, հաղորդում է «Արցախպրես»-ը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է,  որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքներից շատ ակնկալիքներ կան և ինքը քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի:

«Մեր երկրի համար ամենակարևորն այս պահին խաղաղությունից բացի  ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարական ապագան մեր երկրի կայացման հիմքը պետք է լինի:  Շատ հանգամանքներում այս ընտրությունները կարող են նպաստել դրա կայացմանը»,-նշել է Ա. Ղուլյանը՝ կարծիք հայտնելով, որ խորհրդարանում որոշակի փոփոխություններ կլինեն, սակայն, ըստ նրա, հիմնական կազմը կպահպանվի:

 Ա. Ղուլյանի խոսքով այս ընտրություններն ու նախընտրական պայքարն իրենց մակարդակով շատ ավելի բարձր են քան նախորդները, և վստահ է, որ վեցերորդ գումարման Աժ-ում քաղաքական դաշտը ներկայացված կլինի առավել ընդլայնված։


© armedia.am