Արցախի ժողովրդավարական կուսակցություն. միջազգային դիտորդները հիացած են ընտրությունների ընթացքից

15:17     3 մայիսի, 2015

14:30 դրությամբ. Առավոտից բոլոր ընտրական տեղամասերից, նաև շրջաններից, տեղեկություն է ստացվում, որ ընտրություններին բավականին ակտիվ մասնակցություն է նկատվում: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցության» շտաբից:

«Մոտ ժամ ու կես առաջ տեղատարափ անձրև էր տեղում, որը մի փոքր խանգարեց այդ ակտիվությունը, սակայն հիմա դարձյալ պայծառ և արևոտ եղանակ է, և որևէ կասկած չկա, որ ժողովուրդն ակտիվորեն շարունակելու է մասնակցել ընտրություններին: Մարդիկ հասկանում են, որ առաջին անգամ ԼՂՀ-ում ընտրում են պրոֆեսիոնալ խորհրդարան, որն էապես տարբերվելու է մեր նախկին 5 գումարումների խորհրդարաններից, որոնք գործում էին կիսամշտական հիմունքներով: Այնպես որ մարդկանց սպասելիքներն այս խորհրդարանից շատ-շատ են», - հայտնել են կուսակցության շտաբից:

Անդրադառնալով միջազգային դիտորդներին, կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ նրանք արդեն հասցրել են շփվել և՛ քաղաքացիների, և՛ տեղի ու տարբեր երկրներից ժամանած լրագրողների հետ, որոնց թիվը մոտ 40 է: «Վերջնական կարծիք, իհարկե, նրանք հայտնելու են վաղը մամուլի ասուլիսների ժամանակ, սակայն առանց չափազանցության պետք է ասեմ, որ նրանք հիացած են ընտրությունների ընթացքից», - նշել է կուսակցության ներկայացուցիչը: 


© armedia.am