«Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլև նախանշել որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»: Այս մասին ասված է ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ Եվրախորհրդարնի Արցախի խմբի պատվիրակության զեկույցում:
Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելի ղեկավարած պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից և ուղեկցող անձնակազմից, դիտորդական առաքելություն է իրականացրել մայիսի 2-4-ը՝գործակցելով ԵՄ անդամ երկրների այլ խորհրդարանականների հետ:
Դիտորդական առաքելությունն անցկացվել է համաձայն Եվրոպական խորհրդարանի գործելակերպի՝ հանդիպելով բոլոր թեկնածուներին, շրջելով ավելի քան 20 ընտրատեղամասում, հետևելով որոշ ընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը և ընտրատեղամասերի փակմանը:
Առաքելության ամփոփիչ զեկույցում նշվում է, որ ոչ վստահված անձինք, և ոչ էլ ընտրողները ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրել: Նշվում են որոշ թերացումներ, որոնք ընդհանուր առմամբ չեն խոչընդոտել ժողովրդավարական ընտրությունների ընթացքին:
«Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին, և ապացուցում է ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը»,- ասված է զեկույցում: