«Շարժում-88» կուսակցություն. Մենք աշխատելու ենք առավելապես երիտասարդների հետ

10:05     5 մայիսի, 2015

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից «Շարժում-88» կուսակցություն ակնկալիքները կիսով չափ են արդարացել: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնել է Արցախի «Շարժում-88» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանը:   

Ադրադառնալով ընտրությունների ընթացքին՝ նա նշեց, որ այն անցել է բավականին լավ և հավելեց. «Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվում էին: Դրանք անցան հանգիստ մթնոլորտում»: Աղաբեկյանի խոսքով, որևէ էական խախտումներ տեղի չեն ունեցել, ամեն ինչ անցել է ընտրական Օրենսգրքին համապատասխան՝ չհաշված մի քանի չնչին խնդիրներ:

Խոսելով նոր ԱԺ-ում «Շարժում-88» կուսակցության անելիքների մասին՝ Աղաբեկյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են իրենց՝ նախընտրական ծրագրում ներառված նպատակները հնարավորինս կյանքի կոչելու համար:

«Շարժում-88» կուսակցությունը, ըստ Աղաբեկյանի, կոալիցիա կազմելու որևէ մտադրություն չունի, սակայն  աշխատելու և համագործակցելու է այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց իրականացրած գործունեությունը կհամընկնի իրենց նպատակներին՝ ամրագրված նախընտրական ծրագրում: «Մենք աշխատելու ենք առավելապես երիտասարդների հետ: Մենք նրանց հետ համագործակցության փորձ արդեն ունենք»,- ասել է նա:

«Շարժում-88» կուսակցությունն ընդգրկվել է նորընտիր խորհրդարանի կազմում՝ հավաքելով ձայների  6.93 տոկոսը։


© armedia.am