Եվրոպական ազատ դաշինք. Եվրոպայում ձևավորվող նոր պետությունների կուսակցություն

23:28     11 մայիսի, 2015

Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը համարվում է Եվրոպայում ձևավորվող նոր պետությունների կուսակցություն:  ԵԱԴ-ը պայքարում է ինքնորոշման համընդհանուր իրավունքի համար և նպատակ ունի «լսելի դարձնել ձայնազուրկների  ձայնը Եվրոպայում»: ԵԱԴ-ի պայքարը կոչված է Եվրոպայում վերացնելու ռասիզմը և այլատացությունը, ինչպես նաև  զարգացնել ժողովրդավարությունը, պայքարել հակամարտությունների խաղաղ կարգավորման համար և այլն:

Վերը նշված մի քանի թեզերն արդեն բավական են հասկանալու համար, թե ինչու հենց  ԵԱԴ-ը դարձավ այն առաջին համաեվրոպական  ընտանիքը, որի շարքերը համալրեց Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Այնուամենայնիվ, ԵԱԴ-ի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է հակիրճ ներկայացնել կուսակցության պատմությունը, նրա անդամներին և նրա ունեցած դերակատարությունը Եվրոպական խորհրդարանում:

Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը  ստեղծվել է 1981 թվականի հուլիսին 1979 թվականի  Բրյուսելի խարտիայի և Բաստիայի հռչակագրի ստորագրումից հետո, որոնցով հայտարարվեց Բրյուսելում մշտական կառույց ստեղծելու մտադրություն մասին, որը կպայքարի առանձին ռեգիոնների անկախության և Եվրոպայի ժողովրդի պաշտպանության համար:

ԵԱԴ-ի կազմում են ԵՄ երկրների 17 տարբեր կուսակցություններ: ԵԱԴ-ն, ընդհանուր առմամբ, կազմված է  40 կուսակցություններից և 250 խորհրդարանական ներկայացուցիչներից: 1999 թվականին ԵԱԴ-ը Կանաչների հետ կոալիցիա կազմեց և այժմ այն 6-րդ ամենամեծ կուսակցությունն է Եվրոպական խորհրդարանում:  ԵԱԴ խումբը Եվրոպական խորհրդարանում ունի 7 ներկայացուցիչ, մինչդեռ Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք միասնական կոալիցիայի  պատգամավորների թիվը Եվրոպական խորհդարանում  հասնում է 50-ի:   

Ուշադրության է արժանի այն, որ Եվրոպական ազատ դաշինք խումբը Եվրոպական խորհրդարանում ունի ներկայացուցիչներ նաև Շոտլանդիայից և Կատալոնիայից: Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ազատ դաշինք խումբն առավել ակտիվ գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների բացահայտման և քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար:

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայից Շոտլանիդայի անկախացման ակտիվ ջատագով, նույնպես հանդիսանում է Եվրոպական խորհրդարանում Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք միասնական խորհրդարանական խմբի անդամ:

Huffingtonpost-ին տված իր հարցազրույցներից մեկում Եվրոպայի ազատ դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին նշել էր.

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ գլոբալիզացիայի դոգման հասել է իր բացարձակ սահմաններին: Անորոշ համաշխարհային միասնության փոխարեն մարդիկ ձգտում են ապակենտրոնացման: Նրանք ցանկանում են գտնել իրենց արմատները և կյանքի կոչել նոր քաղաքականություն, որը կդիտարկի առկա խնդիրներիը լրիվ նոր ճանապարհով»:

ԵԱԴ կուսակցության հիմնական նպատակների նկարագրությունը փաստում է, որ միանալով այս համաեվրոպական ընտանիքին` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միանում է համակիրների մի բանակի, ովքեր պայքարում են մեկ ընդհանուր նպատակի՝ մարդկանց ինքնորոշման իրավունքի համար: Իհարկե, սա մեծ ձեռքբերում է Արցախի ժողովրդի համար և թույլ կտա նրանց առաջ շարժվել իրենց ապագան տնօրինելու պայքարում` միայնակ պայքարից անցնելով խմբային պայքարի:


© armedia.am