Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը համարվում է Եվրոպայում ձևավորվող նոր պետությունների կուսակցություն: ԵԱԴ-ը պայքարում է ինքնորոշման համընդհանուր իրավունքի համար և նպատակ ունի «լսելի դարձնել ձայնազուրկների ձայնը Եվրոպայում»: ԵԱԴ-ի պայքարը կոչված է Եվրոպայում վերացնելու ռասիզմը և այլատացությունը, ինչպես նաև զարգացնել ժողովրդավարությունը, պայքարել հակամարտությունների խաղաղ կարգավորման համար և այլն:
Վերը նշված մի քանի թեզերն արդեն բավական են հասկանալու համար, թե ինչու հենց ԵԱԴ-ը դարձավ այն առաջին համաեվրոպական ընտանիքը, որի շարքերը համալրեց Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:
Այնուամենայնիվ, ԵԱԴ-ի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է հակիրճ ներկայացնել կուսակցության պատմությունը, նրա անդամներին և նրա ունեցած դերակատարությունը Եվրոպական խորհրդարանում:
Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը ստեղծվել է 1981 թվականի հուլիսին 1979 թվականի Բրյուսելի խարտիայի և Բաստիայի հռչակագրի ստորագրումից հետո, որոնցով հայտարարվեց Բրյուսելում մշտական կառույց ստեղծելու մտադրություն մասին, որը կպայքարի առանձին ռեգիոնների անկախության և Եվրոպայի ժողովրդի պաշտպանության համար:
ԵԱԴ-ի կազմում են ԵՄ երկրների 17 տարբեր կուսակցություններ: ԵԱԴ-ն, ընդհանուր առմամբ, կազմված է 40 կուսակցություններից և 250 խորհրդարանական ներկայացուցիչներից: 1999 թվականին ԵԱԴ-ը Կանաչների հետ կոալիցիա կազմեց և այժմ այն 6-րդ ամենամեծ կուսակցությունն է Եվրոպական խորհրդարանում: ԵԱԴ խումբը Եվրոպական խորհրդարանում ունի 7 ներկայացուցիչ, մինչդեռ Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք միասնական կոալիցիայի պատգամավորների թիվը Եվրոպական խորհդարանում հասնում է 50-ի:
Ուշադրության է արժանի այն, որ Եվրոպական ազատ դաշինք խումբը Եվրոպական խորհրդարանում ունի ներկայացուցիչներ նաև Շոտլանդիայից և Կատալոնիայից: Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ազատ դաշինք խումբն առավել ակտիվ գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների բացահայտման և քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայից Շոտլանիդայի անկախացման ակտիվ ջատագով, նույնպես հանդիսանում է Եվրոպական խորհրդարանում Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք միասնական խորհրդարանական խմբի անդամ:
Huffingtonpost-ին տված իր հարցազրույցներից մեկում Եվրոպայի ազատ դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին նշել էր.
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ գլոբալիզացիայի դոգման հասել է իր բացարձակ սահմաններին: Անորոշ համաշխարհային միասնության փոխարեն մարդիկ ձգտում են ապակենտրոնացման: Նրանք ցանկանում են գտնել իրենց արմատները և կյանքի կոչել նոր քաղաքականություն, որը կդիտարկի առկա խնդիրներիը լրիվ նոր ճանապարհով»:
ԵԱԴ կուսակցության հիմնական նպատակների նկարագրությունը փաստում է, որ միանալով այս համաեվրոպական ընտանիքին` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միանում է համակիրների մի բանակի, ովքեր պայքարում են մեկ ընդհանուր նպատակի՝ մարդկանց ինքնորոշման իրավունքի համար: Իհարկե, սա մեծ ձեռքբերում է Արցախի ժողովրդի համար և թույլ կտա նրանց առաջ շարժվել իրենց ապագան տնօրինելու պայքարում` միայնակ պայքարից անցնելով խմբային պայքարի: