Բացառիկ. Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավարի մեկնաբանությունը՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

13:26     7 մայիսի, 2015

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է կապ հաստատել ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ:

Ներկայացնում ենք Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցության ղեկավարի՝ Էդ Միլիբանդի՝ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ  մեկնաբանությունն՝ ընթացիկ ընտրությունների վերաբերյալ:

«Արմեդիա» ՏՎԳ-ի հետ երեկ երեկոյան բացառիկ զրույցի ընթացքում Բրիտանիայի Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցության ղեկավար Էդ Միլիբանդն իր տեսլականն է ներկայացրել ընտրությունների վերաբերյալ:

Նա նշել է, որ կնոջ՝ Ջասթին Թորնթոնի հետ միասին երեկ վերադարձել են Դոնքասթեր (քաղաք Հարավային Յորքշիրում, Անգլիա), որպեսզի այսօր առավոտյան մասնակցեն քվեարկությանը:

«Ջասթինն ու ես հենց նոր ենք վերադարձել Դոնքասթեր, որպեսզի կարողանանք վաղն առավոտյան քվեարկել, ինչն առաջին բան է, որ կանենք:  Ուստի, քանի դեռ մի փոքր ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ ասել հետևյալը. վաղը մենք հնարավորություն ունենք մեր երկիրը փոխելու: Մենք հնարավորություն ունենք կառուցել այնպիսի երկիր, որը ոչ միայն արտոնյալների համար է, այլ աշխատավոր մարդկանց, կառուցել ապագա մեր երիտասարդների համար և փրկել Ազգային առողջապահական ծառայությունը (NHS)»:

Անդրադառնալով իր՝ Աշխատավորական և իշխող՝ Պահպանողական կուսակցության վարած քաղաքականության տարբերություններին՝ Էդ Միլիբանդը նշեց.

«Ընտրությունը միայն վարած քաղաքականությունների մեջ չէ, կամ նրանում, թե վարչապետ կդառնա Դևիդ Քեմերո՞նը, թե՞ ես: Սա պայքար է երկու բացարձակապես տարբեր գաղափարախոսությունների միջև: Դևիդ Քեմերոնը հավատում է, որ եթե վերևում կանգնած մարդիկ լավ ապրեն, նրանց հարստությունը կգլորվի ներքև և Բրիտանիան կզարգանա: Ես հավատում եմ, որ Բրիտանիան հաջողության կհասնի միայն այն դեպքում, եթե աշխատավոր մարդիկ հաջողության հասնեն: Եթե ես ընտրվեմ վարչապետ, իմ յուրաքանչյուր որոշումը կայացնելիս կառաջնորդվեմ այս տրամաբանությամբ»:

«Այս ընտրություններին ծավալվող պայքարն ամենաթեժն է լինելու երբևէ գրանցված ընտրական պայքարից. պայքարը շարունակվելու է մինչև վերջին ակնթարթը: Առաջ դեպի մեր երկրի վառ ապագան»,- հավելեց Միլիբանդը:


© armedia.am