Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց

10:13     8 մայիսի, 2015

Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը: Բելգրադը մտադիր չէ գազ ստանալ այդ ուղղությունից: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Интерфакс-ին  տված հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին Ռուսաստանի որոշումը կարող է խնդիր դառնալ երկրի էներգետիկ անվտանգության համար: Նիկոլիչի խոսքերով՝ «Հարավային հոսքի» իրագործման դեպքում Սերբիան պետք է դառնար տարանցիկ երկիր, որի միջոցով գազ կմատակարարվեր ԵՄ: Նիկոլիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ արդեն պայմանավորվածություն կար այն մասին, որ վարկ տրամադրեր Սերբիային՝ իր տարածքում «Հարավային հոսքի» կառուցման համար, իսկ Բելգրադն այդ վարկը պետք է մարեր գազի տարանցման եկամուտներից:

Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին»,  ապա Նիկոլիչն ընդգծել է, որ այդ խողովակաշարը պետք է Հունաստանից անցնի Սերբիա, սակայն տվյալ դեպքում սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը և որ չի հանդիսանալու տարանցիկ երկիր և գազը գնելու է որպես սովորական սպառող:



© armedia.am