Եվրագոտու երկրների տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 0,4 տոկոսով: Վերջին երկու տարիներին դա եռամսյակային ամենաբարձր ցուցանիշն է, գրում է BBC-ին:
Հրապարակված տվյալները վկայում են, որ վերջին տարվա ընթացքում եվրագոտու երկրների տնտեսության աճն աստիճանաբար արագանում է:
Ընդ որում՝ Գերմանիայի տնտեսության աճը չի արդարացրել փորձագետների սպասելիքները. նախատեսվող 0,5 տոկոս աճի փոխարեն Գերմանիայի տնտեսությունը 2015 թվականի առաջին երեք ամսում աճել է միայն 0,3 տոկոսով:
Ֆրանսիայի տնտեսությունը 2015 թվականի առաջին եռամսյակում ցույց է տվել վերջին երկու տարվա ընթացքում աճի ամենաբարձր տեմպերը: Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում աճը կազմել է 0,6 տոկոս: