Կինոֆիլմերից մեզ հայտնի են «Անանուն ալկոհոլիկների», «Անանուն թմրամոլների», «Բաժանված կանանց» և շատ այլ, երբեմն զավեշտի աստիճանի հասնող, բայց նաև իրականում գործող ակումբներ: Նման ակումբներին անդամակցող, այդ ակումբների հանդիպումներին հաճախող անձանց միավորում է հիմնականում մեկ գործոն՝ յուրաքանչյուր անձ, կյանքի ընթացքում հանդիպելով որոշակի բարդությունների, դժվարությունների կամ չարիքի, ունենալով որոշ խնդիրներ, հիվանդություն, ողբերգություն, առաջին հերթին կարեկցանք ու աջակցություն է ակնկալում նրանցից, ովքեր ևս անցել են միևնույն կամ նմանատիպ դժվարությունների միջով ու «սեփական մաշկի վրա զգացել են» միևնույն ցավը, ովքեր ավելի հեշտ կարող են հասկանալ ու օգնել հաղթահարել հետևանքները: Եվ դա միանգամայն բնական է:
Եթե անձնային մակարդակում գործող այս չգրված օրենքը տեղափոխենք միջազգային հարաբերությունների դաշտ, ապա պետք է որ միևնույն կանոնը գործեր նաև այստեղ: Սակայն քաղաքականությունում գործում են այլ օրենքներ, այլ կանոններ, և արժեքներն այստեղ ընդամենը շահերը «փաթեթավորող» գեղեցիկ խոսքեր են:
Այս «օպերայից» է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թվում է, թե Իսրայելը պետք է լիներ առաջինը կամ առնվազն առաջիններից մեկը, ով կճանաչեր ու կդատապարտեր մարդկության դեմ իրագործված այնպիսի մի հանցագործություն, որի նմանը վերապրել է նաև հրեա ժողովուրդը:
Փոխարենը կարդում ենք. «Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել, Իսրայելն ու հրեա ժողովուրդը ցուցաբերում են զորակցություն և կարեկցանք հայ ժողովրդին և կառավարությանը խոր ողբերգության լույսի ներքո, որին նրանք ենթարկվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Միջազգային հանրության ջանքերի մեծ մասը պետք է կենտրոնացած լինի ապագայում մարդկային ողբերգությունների կանխման ուղղությամբ», - այսպես է պատասխանել Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Էմանուել Նահշոնը Al-Monitor կայքի հարցին՝ վերաբերող Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր իսրայելական խորհրդարանում՝ Քնեսետում, քննարկման են դրվել մի քանի անգամ և յուրաքանչյուր անգամ մերժվել են: Առաջին անգամ այս հարցի շուրջ պաշտոնական բաց քննարկում է անցկացվել 2011թ.-ին: Քնեսետում 2014թ. մայիսին հատուկ նիստ գումարվեց՝ քննարկելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը դրա հարյուրամյակին ընդառաջ, որի ժամանակ Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նշել է. «Մենք չենք կարող ժխտել պատմությունը և շրջանցել մարդկային արժեքները դիվանագիտական կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»: Խոսնակի նախաձեռնությանն աջակցեցին մի շարք խորհրդարանականներ, սակայն որոշում կրկին չընդունվեց:
Նշենք, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր դրվեցին քննարկման, երբ փոքր-ինչ վատացան Իսրայել-Թուրքիա հարաբերությունները «Ազատության նավատորմ»-ի միջադեպից (2010) հետո: Սակայն, անկախ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների արտաքին դրսևորումներից, միայն այն, որ Անկարան ու Թել Ավիվը տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերներն են, արդեն իսկ հիմք է նրանց միջև խորը և լուրջ կապերի առկայության համար: Հետևաբար և «բնականաբար», Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ստորադասվում է Թուրքիայի հետ հարաբերություններին: Սակայն Իսրայելի պարագայում ոչ միայն թուրքական գործոնն է դեր խաղում Ցեղասպանությունը չճանաչելու հարցում: Այստեղ օր օրի էական են դառնում նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Նշենք Իսրայել-Թուրքիա և Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների մի քանի հիմնական կետեր, որոնք կարող են խոչընդոտել Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:
- Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր դաշնակիցներ են իսլամական աշխարհում:
- Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և, ինչպես արդեն նշվեց վերը, Թուրքիան ևս ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում:
- Ադրբեջանն իսրայելական զենքի խոշոր գնորդներից մեկն է, իսկ Իսրայելը՝ ադրբեջանական նավթի:
- Իսրայելի պատկերացմամբ Ադրբեջանը կարող է լինել ռազմավարական գործընկեր Իրանի դեմ:
- Ե՛վ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում առկա են հրեական ոչ փոքր համայնքներ, որոնց կյանքը Թուրքիայում և Ադրբեջանում կարող է էապես «բարդանալ» Իսրայելի կողմից ոչ «ցանկալի» քայլերի դեպքում՝ հաշվի առնելով և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականության փորձը:
Բացի թվարկված քաղաքական և տնտեսական պատճառներից՝ այս հարցում առկա է նաև մեկ այլ՝ հոգեբանական գործոն: Կա կարծիք, վարկած, ըստ որի՝ Ցեղասպանության ճանաչմանը հակազդում են որոշակի հրեական խմբեր՝ վախենալով, որ դա «կվնասի» Հոլոքոստի եզակիության և աննախադեպության մասին պատկերացումներին ու ընկալումներին …
Թվարկվածները, կարծում ենք, «այսբերգի» միայն վերին հատվածում երևացող քաղաքական, տնտեսական պատճառներն ու գործոններն են, որոնք, անկասկած, իրենց ազդեցությունն ունեն Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցի վրա: Եթե դիտարկենք այս ամենն իսլամական աշխարհի հետ Իսրայելի բարդ հարաբերությունների, Մերձավոր արևելքում տիրող պատերազմական իրավիճակի, ինչպես նաև ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից, ապա Իսրայելի դիրքորոշումը միգուցեև հասկանալի է: Սակայն որքան հասկանալի է, միևնույնն է՝ նույնքան էլ անընդունելի է: Առավել ևս անընդունելի է, որ տասնամյակներ շարունակ ականատես ենք հրեական լոբբինգի աջակցությանը Թուրքիային մի շարք երկրներում, և առաջին հերթին՝ ԱՄՆ-ում: Անընդունելի, քանի որ կան արժեքներ, սկզբունքներ, հարցեր, որոնք չպետք է ստորադասվեն աշխարհաքաղաքական տարաբնույթ շահերին ու հաշվարկներին:
Եվ, ինչպես նշվել է բազմիցս, միգուցե տեղի չունենար հրեաների Հոլոքոստը, եթե մինչ այդ դատապարտված լինեին Հայոց ցեղասպանության մեղավորները: