Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահը ցանկանում է այցելել Ղարաբաղ

19:03     14 մայիսի, 2015

Երեկ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահ, Քրիստոնյա սոցիալ-ժողովրդական կուսակցության (Christian Social People’s Party) անդամ Լորան Մոզարին, տեղեկացնում է Ազատությունը:

Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ Մոզարն էր իր կուսակցության կողմից ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի նախագիծը, որը մայիս 6-ին միաձայն ընդունվեց Լյուքսեմբուրգի խորհրդարանում:

Կարապետյանի և Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Լորան Մոզարն իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան Լյուքսեմբուրգից հետ կանչեց իր դեսպանին: Նա նաև հայտնել է, որ անձամբ ինքը վարկաբեկիչ նամակներ և զանգեր է ստացել Լյուքսեմբուրգի թուրքական համայնքից, որը բանաձևի քվեարկության օրը բողոքի ցույց էր կազմակերպել խորհրդարանի շենքի առջև:

Լյուքսեմբուրգցի խորհրդարանականը հետաքրքրվել է Հայաստանում և Ղարաբաղում ներկայիս իրավիճակով, ղարաբաղյան հիմնախնդրով ու Հայաստան և Ղարաբաղ այցելելու պատրաստակամություն է հայտնել, ասված է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում:


© armedia.am