Եվրոպան կարիք ունի գազի մատակարարման այլընտրանքային ուղիների: Այս մասին կրկին բարձրաձայնել են Սերբիայի պաշտոնատար անձինք, հաղորդում է sputniknews-ը:
Սերբիայի Արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Եվրոպան բացի հյուսիսային գազատար խողովակից պետք է քայլեր ձեռնարկի նաև հարավային գազատար ունենալու համար: Նախարարը նկատի է ունեցել գազատարը, որը պետք է անցնի Թուրքիայի տարածքով:
Նախարարը նշել է նաև, որ իրենք կոչ են անում Բրյուսելին էլ ավելի ուշադրություն դարձնել էներգետիկ ապահովության հարցերին: Բելգրադը հետաքրքրված է միանալ Թուրքիայի տարածքով Ռուսաստանից գազի մատակարարման ծրագրին, այդ պատճառով ցանկություն է հայտնում մասնակից դառնալ գազատարի կառուցման շուրջ բանակցություններին:
Հարավային կամ Թուրքական գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել 2016թ.-ի դեկտեմբերին: