ՀՀ ԱԺ փոխնախագահը կմասնակցի Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին

11:09     18 մայիսի, 2015

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մայիսի 18-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ: Նույն օրը Էդուարդ Շարմազանովը կմասնակցի «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հանդես կգա ելույթով: 


© armedia.am