Մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատուն մտադրություն է հայտնվում 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների միջև համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման և ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձևավորման հարցերում: Այս մասին հաղորդում է ԱԺԿ մամլո ծառայությունը:
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս համաձայնությունը Արցախի քաղաքական դաշտին նոր լիցքեր է հաղորդելու:
Քաղաքական երկու ուժերի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունից նոր խորհրդարանի գործունեությունը միայն շահելու է, և այն պետք է ծառայի ի նպաստ ժողովրդի ու երկրի:
Միջոցառմանը մասնակցում էին երկու կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները: