Օրերս Իրանի էներգետիկայի փոխնախարար Խուշանտ Ֆալահաթիանն իր վրացի գործընկերոջ` Մարիամ Վալիշվիլիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում առկա է տարածաշրջանային համագործակցության լուրջ պոտենցիալ:
Ֆալահաթիանի խոսքով՝ Իրանը, Հայաստանը և Վրաստանը մոտակա ժամանակներս կսկսեն եռակողմ համագործակցությունն էլեկտրաէներգիայի մատակարարումների շուրջ:
Իրանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ վարկի տեսքով իրանական բանկերի ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքում 170 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում:
«Հայաստանի տարածքով մենք կարող են էներգետիկայի փոխանակում իրականացնել Վրաստանի հետ», - նշել է Ֆալահաթիանը: Իրանցի պաշտոնյան նաև հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին անհրաժեշտության դեպքում ներդրումներ իրականացնել Վրաստանի էներգետիկ ոլորտում, մասնավորապես՝ էլեկտրացանցերի և էլեկտրահաղորդման գծերի շինարարության մեջ:
Ինչպես տեսնում ենք Իրանը, որն, ըստ կանխատեսումների, արդեն այս ամառ կազատվի մի շարք սանկցիաներից, արդեն իսկ սկսել է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմանը, տնտեսական ներուժի հզորացմանն ուղղված քայլեր իրականացնել: Անշուշտ, էներգետիկ ոլորտն այս հարցում հանդիսանում է ամենահեռանկարային և շահավետ ոլորտներից մեկը: Եվ առավել հետաքրքրական է հենց Իրանի կողմից տարածաշրջանային էներգետիկ առանցքի կառուցման հարցում Հայաստանի ընտրությունը: Դա մասամբ պայմանավորված է մի կողմից հայ-իրանական էներգետիկ համագործակցության բավական լուրջ ներուժով և առկա ծրագրերով, մյուս կողմից՝ Իրանի տարածաշրջանային քաղաքականությամբ (մասնավորապես՝ Ադրբեջանի հետ առկա որոշ խնդիրներով):
Տվյալ պարագայում Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ առանցքը կարող է դառնալ տարածաշրջանային լուրջ գործոն՝ հաշվի առնելով ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի (Վրաստանը համեմատաբար թույլ է այս ոլորտում) էներգետիկ ներուժը, ինչպես նաև՝ տվյալ առանցքին Ռուսաստանի միանալու հեռանկարը: Հատկանշական է, որ Հայաստանը ևս այս ուղղությամբ վերջին շրջանում բավական լուրջ քայլեր է ձեռնարկել՝ մասնավորապես «Շինուհայր» ենթակայանը Հրազդան ՋԷԿ-ին միացնող 230 կմ երկարությամբ Էլեկտրահաղորդման օդային գծի, «Եղեգնաձոր», «Դդմաշեն», «Այրում» ենթակայանների կառուցումը: Տվյալ նախագծերը ՀՀ էներգետիկ համակարգի հզորությունների մեծացման, ինչպես նաև կորուստների նվազեցման ուղղությամբ լուրջ քայլ կարող է դառնալ՝ նպաստելով նաև Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան էներգետիկ համակարգերի միջև էներգետիկ կապի հզորությունների մեծացմանը: