ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի Կուբա այցելել մինչ 2017 թվականին երկրի նախագահի պաշտոնից հեռանալը։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը ճեպազրույցի ժամանակ, որին առաջին անգամ ներկա են եղել կուբացի լրագրողներ, գրում է lenta.ru-ն:
«ԱՄՆ նախագահը հուսով է, որ շուտով կկարողանա Կուբա այցելել»,- հայտարարել է Էռնեստը: Նա նաև հաստատել է, որ Օբաման շարունակում է պաշտպանել երկու երկրների միջև կապերի ընդլայնման գաղափարը։ Դա մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ում և Կուբայում դեսպանատների բացմանը:
Ապրիլի 14-ին Բարաք Օբաման Կոնգրես է ուղարկել Կուբան ահաբեկչության հովանավորների ցանկից հեռացնելու մասին առաջարկը: Հավանայում այդ որոշումն անվանել են արդարացի՝ նշելով, որ Կուբան ընդհանրապես չպետք է լիներ այդ ցանկում: