«Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի ներքո: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «6 երգիչ, 6 ճակատագիր, բայց մեկ պատմություն»,-նշել է նա:
Արդեն հայտնի են դարձել մրցույթի եզրափակիչ անցած բոլոր երկրները: Ըստ երկու կիսաեզրափակիչների տվյալների՝ եզրափակիչ են անցել նաև Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող: