Մայիսի 24-ին Լեհաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Լեհաստանում գործադիր իշխանության մեծ մասը գտնվում է կառավարության ձեռքում, այնուամենայնիվ նախագահն ունի մի շարք լիազորություններ արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում: Ընտրությունների արդյունքներն ունեն բավական մեծ խորհրդանշական կարևորություն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Նախագահական ընտրությունների առաջին փուլի անկանխատեսելի արդյունքները, որոնց համաձայն չնչին առավելություն ուներ ընդդիմադիր պահպանողական կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան, որոշակի ինտրիգ է մտցրել ընտրապայքարում: Ըստ Millward Brown SA ընկերության վերջին սոցհարցման արդյունքների`նախագահական ընտրությունների երկրորդ փուլի թեկնածուների միջև տարբերությունն աննշան է: Գործող նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին հավակնում է ձայների 45.3%-ին, իսկ Անջեյ Դուդան` 45.8%-ին: Ըստ հարցման արդյունքների վերլուծության` հաղթողը կորոշվի քվեարկության օրը որոշում կայացնող դեռևս չկողմնորոշված ընտրողների կողմից: