Ադրբեջանական լրատվամիջոցներում երեկ մեծ ոգևորություն էր առաջացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն արտահայտությունը, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն «չափից շատ է հասունացել»: Սակայն Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, երբ նրանցից մեկը Լավրովին խնդրում է մեկնաբանել այդ արտահայտությունը, Ռուսաստանի արտգործնախարարը նշում է. «Անկեղծ ասած, արդեն չեմ հիշում, թե նման արտահայտություն եմ արել: Սակայն ոչ ոք չի հերքում, որ հակամարտությունը ձգձգվել է: Միաժամանակ բոլորն էլ համաձայն են, որ պայմանավորվածությունների հասնելու իրական հիմքեր կան: Երևի թե այժմ հարցը նրանում է, որպեսզի այդ ըմբռնումը տեղափոխվի կոնկրետ ձևակերպումների դաշտ: Որպես կանոն դա ամենադժվար գործն է, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել , որ ակտիվությունը, համենայն դեպս ռուսական ղեկավարության կողմից, երբեք չի նվազել՝ ուղղված փոխադարձաբար ընդունելի կարգավորում փնտրելու շուրջ կողմերի ջանքերին աջակցելուն : …Անկեղծ ասած, առկա իրավիճակին ես նայում եմ զգուշավորությամբ, բայց ամրապնդվող լավատեսությամբ: Կաշխատենք անել ամեն ինչ, որպեսզի նման պայմանավորվածություն ձեռք բերվի հնարավորինս արագ»:
Համաձայնեք՝ դժվար է այս ձևակերպումների հետևում ղարաբաղյան կարգավորման առնչությամբ ադրբեջանական դիրքորոշումը սատարող որևէ հայտարություն ամրագրել: Փոխարենը ասուլիսի ժամանակ Լավրովը բավականին հետաքրքիր անցում է կատարում ղարաբաղյան հակամարտությունից դեպի ուկրաինական ճգնաժամ: Ռուսաստանի արտգործնախարարը մասնավորապես նշում է. «(Մամեդյարովի հետ) քննարկեցինք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Հանգամանորեն մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ռուսաստանում, ինչպես ավելի վաղ, այնպես էլ այժմ, հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելը դիտարկում են որպես արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: … Ամրագրեցինք մեր երախտագիտությունը ուկրաինական խնդրի առնչությամբ Ադրբեջանի հավասարակշիռ դիրքորոշման առնչությամբ: Մենք այն ընդհանուր կարծիքին ենք, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ արագացնելու այդ ճգնաժամի կարգավորման քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը՝ փետրվարի 12-ի Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա, ինչը ենթադրում է կայուն և ուղղակի երկխոսության մեկնարկ Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև»:
Փաստորեն, Լավրովի խոսքով, Բաքուն այն կարծիքին է, որ ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար Կիևը պետք է ուղղակի երկխոսություն սկսի Նովոռոսիայի ներկայացուցիչների հետ:
Թվում է՝ Մամեդյարովին հեշտ չի եղել համաձայնել այս մոտեցմանը` հաշվի առնելով, որ կա ճնշում (նաև միջազգային հանրության կողմից) Բաքվի նկատմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ստեփանակերտի հետ ուղղակի երկխոսություն ծավալելու հարցում:
Սակայն սա Մոսկվայում Մամեդյարովին սպասվող միակ դառը հաբը չէր: Հանդես գալով Вести 24 հեռուստածրագրի շրջանակներում և խոսելով Ադրբեջանի արտաքին հարաբերությունների մասին՝ Մամեդյարովը նշում է, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքել իր երկիրը չի կարող, քանի որ ԱՄՀ անդամ չի հանդիսանում: Փաստորեն Մամեդյարովը խոստովանում է, որ երկիրն ի վիճակի չէ փաստաթուղթը ստորագրել ԱՄՀ չափանիշները չբավարարելու պատճառով, ոչ թե որովհետև չի ցանկանում, ինչպես փորձում էր Բաքուն ներկայացնել ավելի վաղ: Փոխարենը, նշում է Մամեդյարովը, Ադրբեջանն առաջարկել է ԵՄ-ին Ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել, որը հիմնված է լինելու էներգետիկ համագործակցության վրա: «Մենք ձգտում ենք, որ դրանք (ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները) իրավահավասար լինեն», - նշում է Մամեդյարովը: Վերջինիս խոսքից կարելի է ենթադրել, որ եվրոպական կողմի առաջարկներն ու ձգտումներն այս մոտեցումն այնքան էլ չեն արտացոլում: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը չի կարող կառույցին անդամակցել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Քանի դեռ փակ է հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը չի կարող անդամակցել կառույցին, նշում է Մամեդյարովը:
Սակայն թվում է, Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կազմում չլիները Մոսկվային որևէ կերպ չի խանգարում ավելացնել վերահսկողությունն այս երկրի նկատմամբ. Մոսկվայում Լավրովն ու Մամեդյարովը ի թիվս մի շարք փաստաթղթերի ստորագրել են «2015-16 թթ. արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլանը»: Փաստաթղթի խորագիրն արդեն իսկ բավականին խոսուն է, երբ խոսքը ՌԴ և Ադրբեջանի մասին է, հասկանալի է՝ ինչ կարող է նշանակել «խորհրդակցություն» բառը, Բաքվի արտաքին քաղաքական որևէ նախաձեռնություն փաստորեն չի կարող կյանքի կոչվել առանց Մոսկվայի հավանության կամ գոնե իր քայլերի համար Բաքուն պետք է բացատրություն տա Կրեմլին:
Այսպիսով, եթե դիտարկենք Ադրբեջանի արտգործնախարարի վերջին այցերն ինչպես Ռիգա, այնպես էլ Մոսկվա, ապա կարելի է փաստել, որ իր վարած ներքին, ինչպես և արտաքին ագրեսիվ քաղաքականության պատճառով (բռնաճնշումներ երկրի ներսում, ուժի կիրառում Արցախի նկատմամբ, ԼՂՀ և ՀՀ շրջափակում) Բաքուն իրեն դարձրել է բավականին խոցելի ինչպես եվրոպացի, այնպես էլ ռուս գործընկերի համար: Հենց այդ է պատճառը, որ Արևմուտքը Բաքվին չի կարող իրավահավասար պայմաններ առաջարկել գործընկերության մեջ, փոխարենը նրան դիտարկում է որպես միայն էներգակիրնրի աղբյուր: Միաժամանակ Ադրբեջանի իսկ ջանքերով չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է և դեռ կշարունակի ճնշման լծակ լինել Բաքվի նկատմամբ Մոսկվայի ձեռքում, ով այս խնդրին ցանկացած դիտանկյունից մոտենալիս չի կարող հաշվի չառնել ԵԱՏՄ իր գործընկեր ՀՀ շահերը: