Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար Զուրաբ Ջանփերիձեն իր երեք կուսակիցների հետ լքել է կուսակցությունը: Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ իրենք դուրս են եկել ինչպես կուսակցությունից, այնպես էլ Ազգային շարժում խմբակցությունից:
«Ինձ համար չեն փոխվել ոչ արժեքները, ոչ երկրի իրականության ընկալումը, ոչ քաղաքական տեսլականը և ոչ էլ քաղաքական մրցակիցը: Ավելին` մեր համախոհների հետ առավել ոգեշնչված և էներգիայով կշարունակենք մեր պայքարը, որպեսզի երկրում վերջ դրվի օլիգարխիկ իշխանությանը, երկիրը վերադառնա ժողովրդավարական ուղուն և տնտեսական առաջընթացին»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է նման քայլի պատճառներին, Ջանփերիձեն նշել է, որ դրանք առավել լուրջ քննարկման առարկա են և պետք է խուսափել իրենց հասցեին անհիմն քննադատությունից:
Ընդդիմադիրների նման քայլն արդեն իսկ առաջ է բերել բավական լուրջ քննադատության ալիք հենց «Միացյալ ազգային շարժման» շրջանակներում: Սկսվեցին ներկայացվել ընդդիմադիր պատգամավորների հեռանալու տարաբնույթ պատճառներ` սկսած անձնական ամբիցիաներից մինչև իշխանության կողմից հնարավոր ճնշումը: Չնայած հնարավոր տարբեր պատճառներին՝ արդեն նախկին գործընկերների քայլը «Միացյալ ազգային շարժումում» համարում են «անպատասխանատու»:
Միանգամից 4 պատգամավորի կորուստը բավական լուրջ է նախկին նախագահ Սահակաշվիլիի քաղաքական ուժի համար, քանի որ խորհրդարանում նրա տեղերը կրճատվելով դարձան 46: Թերևս դրանով է բացատրվում նաև կուսակցության ղեկավարության բուռն և կոշտ քննադատությունը, ովքեր նաև մտավախություն ունեն, որ նման քայլը կարող է դառնալ նախադեպ մյուսների համար: Նման զարգացումն, անշուշտ, ընդդիմադիր ուժի համար պարունակում է լուրջ մարտահրավերներ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրությունները հեռավոր ապագայում չեն: