Իսպանիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Սանտա Մարգարիտան միացել է Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Սանտա Մարգարիտայի քաղաքապետարանը որոշում է աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում, պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»,- ասված է քաղաքապետարանի որոշման մեջ:
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «որոշ կառավարություններ, այդ թվում՝ թուրքական և իսպանական կառավարությունները, չեն ընդունում Ցեղասպանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է: Հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, և ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում», նշված է փաստաթղթում: