Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալվող համագործակցությունը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` անդրադառնալով «Մայքրոսոֆթ» ընկերության հետ կնքված պայմանագրերին:
«Առաջին կարևոր հանգամանքն այն է, որ տարեկան 2-2.5 հազար ուսանողներ կկարողանան վերապատրաստում անցնել «Մայքրոսոֆթի» միջոցով: Բացի այդ, մոտավորապես 200 սկսնակ ընկերությունների կտրվի աջակցություն, իսկ հանրակրթական ոլորտում կներդրվի լավագույն փորձը: Կարևոր է նաև այն, որ «Մայքրոսոֆթի» հետ համագործակցությունն ընդգրկում է նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը, ինչի շնորհիվ Հայաստանը կդիրքավորվի և ավելի ճանաչելի կդառնա, իսկ վարկանիշային առումով կբարձրանա Հայաստանի նկատմամբ վստահությունը: Դա կարևոր հանգամանք է Հայաստանում ներդրումներ կատարելու առումով», ասել է Ճշմարիտյանը:
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև կնքված համաձայնագրերը: «Առաջինը մեր հետագա համագործակցության մասին հուշագրի ստորագրումն էր, որը ընդգրկում է բոլոր ոլորտները, այսինքն՝ նախկինում ունեցած համաձայնագրի թարմացում էր: Երկրորդը՝ տարածաշրջանային ինովացիոն կենտրոնի ստեղծումն է, որը հանդիսանալու է «Մայքրոսովթի» ինովացիոն լավագույն կենտրոններից մեկը: Դրա հենքի վրա էլ կատարվելու է ամպային տեխնոլոգիաների և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումը: Ստորագրվել են նաև համաձայնագրեր պաշտպանության և կրթական ոլորտներում»,- պարզաբանել է նա: