Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ մեր երկիրը մի շարք ձեռքբերումներ ունեցավ՝ կապված Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության հետ:
Ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, ամրագրվեց նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ համագործակցությունը կրթության և հետազոտության ոլորտում: Այս համատեքստում գագաթաժողովի մասնակիցները ողջունել են E@P.CONNECT –ի մեկնարկը, որն Արևելյան Եվրոպայի հետազոտական և ակադեմիական հանրույթը կապում է համաեվրոպական հետազոտական և կրթական GEANT ցանցին, որտեղ և՛ ԵՄ-ն, և՛ գործընկերները դեռևս չեն իրացրել իրենց ներուժը:
Ռիգայի գագաթաժողովի մասնակիցներն ընդգծել են մարդկանց միջև կրթական և երիտասարդական ոլորտներում շփումների կարևորությունը, որով նրանք նպաստում են Արևելյան գործընկերության նպատակների իրականացմանը: Այստեղ կարևորվել է հատկապես Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ներգրավումը «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության ծրագրի շրջանակում, իսկ առաջիկայում ակնկալվում է նաև Հայաստանի և Վրաստանի ներգրավման համաձայնագրերի վերջնականացումը:
«Հորիզոն 2020»-ը ԵՄ հետազոտությունների և նորարարության երբևէ եղած ամենամեծ ծրագիրն է, որի բյուջեն կազմում է շուրջ 80 միլիարդ եվրո` նախատեսված 7 տարիների համար. այն մեկնարկել է 2014 թվականին և կշարունակվի մինչ 2020-ը, ինչպես և անունն է հուշում:
2014-15 թթ. «Հորիզոն 2020»-ի աշխատանքային փաթեթն ամփոփում է ծրագրի տարբեր բաժինների ֆինանսավորման հնարավորությունները: Յուրաքանչյուր բաժնում ներկայացված է նրա համընդհանուր նպատակը, համապատասխան մրցույթները և նրանց թեմաները: Յուրաքանչյուր թեման նկարագրում է մարտահրավերները , գործողությունների շրջանակը և սպասված արդյունքները:
«Հորիզոն 2020»–ում մրցույթները ներառում են շատ տարբեր թեմաներ՝ բիո-արդյունաբերության, էներգիայի արդյունավետության, ծովերի և օվկիանոսների ներուժի ընդարձակման, մաքուր օդի, անվտանգ սննդի, հակաբիոտիկների նորարարության, ինչպես նաև հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի, արտաքին և սահմանային անվտանգության, հետազոտությունների ոլորտում երիտասարդ սերնդի ներգրավվածության, գենդերային հավասարության և կանանց նորարարության, եվրոպական ինքնության և մշակութային ժառանգության, Եվրոպան որպես համաշխարհային դերակատար տեսնելու և այլն:
Աշխատանքային ծրագիրն արտացոլում է «Հորիզոն 2020»-ի մարտահրավերների վրա հիմնված մոտեցումը, որը զգալի ազատություն է տալի դիմողներին հանդես գալու նորարարական լուծումներով: