Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը խիստ քննադատության է ենթարկել Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքները, որոնց արդյունքում քվեարկողների 62%-ը կողմ է արտահայտվել միասեռ ամուսնությունների օրինականացմանը, գրում է Deutsche Welle-ն։
Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինը նշել է, որ «շատ է տխրել» իռլանդացիների որոշման պատճառով։ «Ես կարծում եմ, որ չպետք է խոսել միայն պարտության մասին, որը հասցվել է քրիստոնեական արժեքներին։ Պարտվել է ողջ մարդկությունը»,- ասել է Վատիկանի պաշտոնյան։
Կարդինալի խոսքով՝ Վատիկանի ուշադրության կենտրոնում կմնա ընտանիքի ինստիտուտը։ «Մենք պետք է անենք մեզանից կախված ամեն բան, որ պաշտպանենք և ոգևորենք ընտանեկան հարաբերությունները»,- նշել է պետական քարտուղարը։