Հայ-կիպրական հարաբերությունները պաշտպանական ոլորտում հենված են բարեկամական հարաբերությունների, փոխադարձ աջակցության, պատրաստակամության և նաև ընդհանուր մոտեցումների հիմքի վրա: Տեսակետը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախարար Օհանյանը նաև ընդգծել է, որ Կիպրոսի հետ լուրջ պայմանագրաիրավական հիմք է ստեղծված համագործակցության շրջանակում և այն իրականացվում է ամենամյա ծրագրի համաձայն:
«Բանակցությունների ընթացքում մենք նշեցինք այն բոլոր ուղղությունները, որոնցում համագործակցելու ենք և դինամիկ ընթացք ենք տալու: Ստորագրեցինք 2015թ. համագործակցության պլանը, որը ներառում է ունեցած բ ոլոր ուսումնական վարժական փորձագիտական հնարավորությունները»,- ասել է նախարարը` հավելելով, որ կիպրացի գործընկերոջ այցը համապատասխան ընթացք կտա համագործակցությանը:
Սեյրան Օհանյանը նաև շեշտեց, որ հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ստեղծվել է միջպետական կառավարական հանձնաժողով: Շուտով կկայանա հանձնաժողովը երրորդ նիստը, որի ընթացքում կճշտվեն համագործակցության բոլոր շրջանակները:
«Բացի միջպետական և պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակից, խոսեցինք տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներից: Ընդհանուր առմամբ հանդիպումները թույլ են տալիս ևս մեկ անգամ արձանագրելու, որ ունենք միասնական մոտեցում, որի շրջանակում մեր համատեղ ջանքերն ուղղելու ենք հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման խնդիրներին»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը համատեղ քննարկումների շրջանակում առաջարկություն է արել վարժական համատեղ միջոցառումների շրջանակում անցկացնել համատեղ զորավարժություններ: Ի պատասխան Օհանյանն ասել է, որ հայկական կողմն ընդունում է այդ գաղափարը, և մարտական ու օպերատիվ պատրաստության պատասխանատուներին հանձնարարություն է տրվել, որպեսզի ծրագրավորեն և որոշեն այն գործողությունների շրջանակը, որոնք իրականացվելու են: