Ներկայումս Եվրոպայում ընթանում է ընդհանուր անվտանգության համակարգի ամրապնդում̦ որը «սառը պատերազմի» տարիներից ի վեր դեռ երբեք այսքան ինտենսիվ բնույթ չի կրել: Նման կարծիք է երեկ հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ:
«ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին թշնամական սպառնալիքներից: Մեր առջև ծառացել են նորանոր մարտահրավերներ̦ որոնք գալիս են թե՛ Արևելքից̦ թե՛ Հարավից: Մենք հարմարվում ենք դրանց̦ արձագանքում ենք, բարձրացնում ենք մեր ուժերի ռազմական պատրաստվածության մակարդակը»̦ - հայտարարել է Սթոլթենբերգը:
Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով` Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշել են Եվրոպայում մի շարք միջոցառումներ իրականացնել ռազմական ոլորտում`ներառյալ արագ արձագանքման ջոկատների ուժեղացումը̦ պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղված ծախսերի աճը̦ մայրցամաքում ամերիկյան կոնտինգենտի թվի բարձրացումը և այլն:
Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել կազմակերպության բոլոր անդամներին կատարել իրենց պարտականությունները պաշտպանության ծախսերի հետ կապված և դադարեցնել ամեն տեսակի կրճատումներն այս ոլորտում:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին̦ ապա նրանք̦ բնականաբար̦ խիստ բացասական արձագանք են տվել ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված̦ իսկ ավելի ճիշտ ԱՄՆ-ի հրահրած այս ողջ խուճապին̦ որն էլ̦ ըստ ռուսների̦ ավելի է ուռճացվել եվրոպացիների կողմից̦ և հայտարարել են̦ որ խոսքը գնում է Հյուսիսատլանտյան դաշինքի աննախադեպ ակտիվության մասին իրենց սեփական սահմանների մոտ̦ ինչն անընդունելի է:
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը̦ մասնավորապես̦ նշել է̦ «Այն ամբողջ դրականը̦ որ երբևէ եղել է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններում̦ անհետ կորել է ուկրաինական ճգնաժամի արդյունքում: Եվ այժմ ՆԱՏՕ-ն որոշել է մեզ դեմ դուրս գալ»:
Իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը̦ հիշեցնենք̦ որ դեռևս տարեսկզբին էր հայտնել̦ որ ՆԱՏՕ-ն̦ հակառակ իր չընդարձակվելու խոստման̦ ավելի ու ավելի էր առաջանում դեպի ռուսական սահմանները: «Իսկ ահա ՆԱՏՕ-ի պատերազմական հռետորաբանությունը̦ վկայում է «սառը պատերազմի» կարծրատիպերը հաղթահարելու ՆԱՏՕ-ի անկարողության մասին»,- ասել է Լավրովը: