Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 30-ին Ժնևում կքննարկեն մինչ հունիսի 30-ը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի ստորագրման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Ջեֆ Ռատկեն: Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը հետաքրքրված չէ բանակցությունների ձգձգման մեջ: «Մենք չենք քննարկում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հունիսի 30-ից հետո երկարաձգելու հնարավորությունը: Մենք՝ Վեցյակի անդամ երկրներս, համակարծիք ենք, որ կարող ենք համաձայնության հասնել մինչև հունիսի 30-ը: Այժմ մենք աշխատում ենք համաձայնագրի տեխնիկական հարցերի վրա»,- ասել է Ռատկեն:
Հիշեցնենք, որ Հունաստան կատարած այցի ժամանակ Իրանի արտգործնախարարը հույս էր հայտնել, որ Թեհրանը և Վեցյակը տեսանելի ապագայում վերջնական համաձայնության կգան Իրանի միջուկային ծրագրի հարցում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «չափից դուրս պահանջները» կդժվարացնեն համաձայնագրի հնարավորությունը՝ նույնիսկ առանց վերջնաժամկետի:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մոտալուտ ավարտի հնարավորության մասին հայտարարել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մոտ են ավարտին: Հույս ունենք, որ դրական արդյունքը կնպաստի Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության և կայունության ոլորտում համագործակցությանը», - հայտարարել է Լավրովը Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Այս համատեքստում հարկ է նշել, որ Իրանի և վեցյակի միջև վերջնական համաձայնագրի վերջնաժամկետի մասին նախորդ շաբաթ միանգամայն հակադիր կարծիք էր հայտնել Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին: Նա հայտարարել էր, որ բանակցությունները կարող են երկարաձգվել, և համաձայնագիրը կարող է կնքվել հունիսի 30-ից հետո. «Մենք կառչած չենք որոշակի ժամկետներից: Մենք ցանկանում ենք լավ գործարք կնքել, որը կներառի մեր բոլոր պահանջները», - նշել նա: Կողմերի միջև մինչև հունիսի 30-ը համաձայնություն ձեռք բերելու ոչ այնքան հավանական լինելու մասին հայտնել է նաև ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ջերարդ Արաուդը, ով նշել է, որ դեռ չհամաձայնեցված են մնում մի շարք տեխնիկական հարցեր, որոնց քննարկումը կարող է շարունակվել նաև հուլիսին: