Ինչպես հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ԵԱՏՄ անդամ չորս երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ներկայումս իրականացվում են մասնագիտական քննարկումներ կենսաթոշակային նոր համաձայնագրի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արմենպրես-ը:
«Քաղաքացիների կենսաթոշակային ապահովության համաձայնագրի մասով որոշակի փոփոխություններ կլինեն: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի իր մոտ աշխատած ժամանակահատվածի համար քաղաքացիների վճարումները: Քաղաքացիների տեղաշարժի դյուրացման տեսանկյունից, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, սոցիալական երաշխիքները, այդ թվում` կենսաթոշակային ապահովության իրավունքը, պետք է իրացվի այն երկրում, որտեղ բնակվում ու աշխատում է անձը»,- ասել է Արտեմ Ասատրյանը:
Նա նաև նշել է, որ Զինված ուժերի, Ոստիկանության, Ազգային անվտանգության համակարգում փոփոխություններ չեն նախատեսվում. դրանք շարունակելու են գործել նույն տրամաբանությամբ, ինչպես որ ընդունվել է դեռևս 1992 թվականից: