ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը կկայանա Աստանայում հոկտեմբերի 16-ին, հայտնում է tengrinews.kz-ը։
«Առջևում նախատեսված են մի շարք միջոցառումներ Ղազախստանում։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են այս տարվա հոկտեմբերի 16-ին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստ անցկացնել։ Նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, կկայանա արտաքին գործերի նախարարների նիստը, ևս մի շարք միջոցառումներ են նախատեսված այս տարի Ղազախստանում»,- ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։
Ղազախստանում այսօր անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ: Ինչպես նշել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են շուրջ 20 հարցեր, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ: «Այդ փաստաթղթերը սահմանում են տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, հումանիտար, ռազմական և այլ ոլորտներում մեր համագործակցության ուրվագծերը»,- նշել է Մասիմովը:
Բացի այս, ստորագրվել են կազմակերպչական բնույթի մի շարք որոշումներ: «Իմ կարծիքով առանձնակի նշանակություն ունի ֆինանսատնտեսական ոլորտի արդիական խնդիրների համատեղ լուծման մասին պլանը, որն, ըստ էության, հադիսանում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեղմացմանն ուղղված համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ», - նշել է Ղազախստանի վարչապետը:
Վարչապետները քննարկել են նաև ԱՊՀ-ի շրջանակում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաստատել տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունը անդամ երկրների տարածքում, մինչև 2020 թվականը միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցությանն առնչվող, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում համագործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում քննարկվել են կրթության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, հավանություն է տրվել մշակութային հիմնական միջոցառումների ծրագրին 2016-2020 թվականների համար:
Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Ղազախստանում անց են կացրել նաև երկկողմ հանդիպումներ: Այսպես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և խորացումը: Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը և Կոբյակովն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի: