«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել է, թե Եվրամիության հետ բանակցվելիք նոր փաստաթղթում պետք է հնարավորինս ներառվեն այն դրույթները, պայմանավորվածություններն ու մոտեցումները, որոնք ամրագրված էին բանակցված, սակայն այդպես էլ չստորագրված Ասոցացման համաձայնագրում:
«Ասում եմ հնարավորինս, որովհետև բոլորս գիտենք, որ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, մենք ունենք ստանձնած որոշակի պարտավորություններ, որոնք ոչ բոլոր հարցերն են հնարավոր դարձնում վերցնել նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրից», - նշեց նա՝ հավելելով, որ ինչպես իրենց, այնպես էլ Եվրամիությունը ներկայացնող իրենց գործընկերների համար շատ կարևոր է գտնել այն ոլորտները, որտեղ Երևանն ու Բրյուսելը դեռ կարող են համագործակցել:
Փոխնախարարն ասաց, որ այժմ «մաղում ու հանում են» այն ոլորտները, որտեղ Եվրամիության հետ համագործակցությունն այլևս հնարավոր չէ․ - «Արտաքին առևտրային գործունեության մեջ, մաքսային միություններ, ազատ առևտրի գոտիներ, տնտեսական միություններ․․․ սա շատ բնորոշ է, և յուրաքանչյուր մաքսային միության կամ տնտեսական միության պայմաններում դուք կտեսնեք սա: Օրինակ, Եվրամիության անդամ որևէ երկիր միայնակ իրավասու չէ որևէ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել որևէ երրորդ երկրի հետ․ դա արվում է Եվրամիության մակարդակով: Բնականաբար, այդ նույնը կա նաև Եվրասիական տնտեսական միության պայմաններում»:
Պաշտոնապես բանակցությունները դեռ չեն սկսվել: Գարեգին Մելքոնյանը, այդուհանդերձ, թվարկել է այն ոլորտները, որոնք կարող են ներառվել Եվրամիության հետ կնքվելիք նոր փաստաթղթի տնտեսական հատվածում․ - «Ամենատարբեր ոլորտներում մրցակցություն, թափանցիկություն, ներդրումներ, ծառայություններ, առևտուր, նաև մաքսային վարչարարությանն առնչվող որոշակի հարցեր, վեճերի կարգավորման մեխանիզմ և այլն և այլն: Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ այդ ոլորտները մնալու են ստորագրվելիք համաձայնագրում»: