Դոնբասում հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շտայնմայերը Կիևում կայացած անվտանգության ֆորումի ժամանակ: Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ին, Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ուկրաինական ղեկավարության և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի ԱԳՆ-ն, Բեռլինը անհանգստացած է Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտումներով: «Չնայած որ ԵԱՀԿ փորձում է կարգավորել Շիրոկինայի և Դոնեցկի օդանավակայնի շուրջ ստեղծված դրությունը, հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է»,- Կիևում կայացած անվտանգության ֆորումի ժամանակ նշել է Շտայնմայերը՝ հակամարտության կողմերին կոչ անելով իրականացնել Մինսկի պայմանավորվածութունները:
Նշենք, որ Շտայնմայերի՝ Կիև կատարած այցի ընթացքում բացի ուկրաինական հակամարտության քննարկումից անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի տնտեսական վիճակին, այդ թվում՝ նաև բիզնեսի զարգացմանը և կոռուպցիայի վերացմանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին. «Գերմանիան Ուկրաինային միայն երկկողմ հարաբերությունների շրջանակում կտրամդրի 700 միլիոն եվրո: Բացի այդ, մենք աջակցում ենք Կիևին նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության միջոցով»:
Այս օգնությունը Կիևի համար, կարելի է ասել, կենսական նշանակություն ունի՝ հաշվի առնելով զինված հակամարտության արդյունքում երկրի քայքայված տնտեսությունը և Ռուսաստանի կողմից գազի դիմաց պարտքը հետ վերադարձնելու պահանջը:
Նշենք, որ «Գազպրոմը» Ուկրաինայի «Նավթոգազի» դեմ ևս մեկ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: «Գազպրոմը» պահանջում ուկրաինական իր գործընկերոջից 2014 թվականին գազային պայմանագրի «վերցրու կամ վճարի» պայմանները չկատարելու համար 8.2 մլրդ եվրո տուգանք վճարել:
Եվրոպական գործարար համաժողովի ժամանակ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ հաշվի առնելով 2014 թվականին չվերցված գազի դիմաց 8.2 միլիարդը՝ «Նավթոգազի» ընդհանուր պարտքը «Գազպրոմին» կազմում է 29.477 միլիարդ եվրո:
Միլերը նաև նշել, որ Ուկրաինայի կողմից այժմ գազի գնման ծավալները բավականին փոքր են, որպեսզի նա հասցնի նախատեսված ժամանակում գնել անհրաժեշտ ծավալը: Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև 2015 թվականի վերջ ուկրաինական պարտքը կավելանա: