Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը հանրաքվե անցկացնելու կոչ է արել` ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցով:
«Ժամանակն է եկել Եվրոպայում բոլորին հարցնելու` այո՞, թե՞, ոչ. եթե նրանք իրենց սեփական ապագան որոշելու ինքնիշխանություն են ուզում», - երեկ նման կարծիք է հայտնել կուսակցության ղեկավարի տեղակալ Ֆլորիան Ֆիլիպոն, ով շեշտում է̦ որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է հետևի Մեծ Բրիտանիայի օրինակին և հնարավորինս օգտագործի նեղուցից այն կողմ գտնվող իր հարևանների փորձը:
Իսկ եթե Օլանդը հրաժարվի նման բան անել̦ ապա ազգայնականները 2017 թվականի նախագահական ընտրությունների շեմին այդ փաստն իր իսկ դեմ կօգտագործեն:
Ըստ «Ազգային ճակատ» կուսակցության` Ֆրանսիան կարող է հետևել նաև Շվեյցարիայի օրինակին, ով չանդամակցելով ԵՄ-ին, փոխարենն անդամակցում է Եվրոպական ազատ առևտրի գոտուն, շենգեն գոտուն և այլն:
Եվրոֆոբ ու եվրոսկեպտիկ «Ազգային ճակատ» կուսակցությունը փորձում է ավելի ու ավելի հետևորդներ հավաքել` հաշվի առնելով ֆրանսիական հասարակության աճող հիասթափությունն Օլանդի կառավարությունից, ինչպես նաև ավելի ծայրահեղական զանգվածների հետաքրքրությունն առաջարկվող հանրաքվեի հանդեպ:
Իսկ ահա «Ազգային ճակատի» կին ղեկավար Մարին Լը Պենն իր հերթին համոզված է, որ Փարիզը պետք է անպայմանորեն դուրս գա Բրյուսելի վերահսկողությունից: Ահա թե ինչու մասնագետները զարմանալի չեն համարում, որ «Ազգային ճակատը» բաց չթողեց հենց Քեմերոնի այցը Փարիզ՝ ԵՄ անդամակցության հարցը բարձրացնելու համար:
Այնուամենայնիվ, դժվար կլինի Ֆրանսիան երբևէ պատկերացնել Եվրոպական միության կազմից դուրս` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այս երկիրն է ներկայիս ԵՄ-ի գլխավոր հիմնադիրներից մեկը, ով իր հարևան Գերմանիայի հետ միասին «շարժիչ ուժ» է հանդիսանում ԵՄ գործունեության համար, և դեռ մի բան էլ փորձում է ամեն կերպ հետ համոզել նույն Մեծ Բրիտանիային ԵՄ համար վճռորոշ այդ հանրաքվեն անցկացնելու հարցում: