Հունիսի 7-8-ը Բավարիայում տեղի կունենա «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների հանդիպումը: Իսկ մինչ այդ մայիսի 27-29-ին «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ֆինանսների նախարարները հանդիպում են ունեցել Դրեզդենում, որի նպատակն էր նախապատրաստել առաջիկա գագաթաժողովի աշխատանքները:
Հանդիպման արդյունքում Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ հունական և ուկրաինական ճգնաժամները ներառված չեն գագաթաժողովի պաշտոնական օրակարգում: Պաշտոնական օրակարգում ընդգրկված չի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:
Նշվում է, որ առաջիկա գագաթաժողովի ժամանակ քննարկվելու է համաշխարհային տնտեսական զարգացման խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային ահաբերչության ֆինանսավորմանը դիմակայելու և հարկային համակարգի կատարելագործման հետ կապված հարցեր:
Սակայն G7 առաջիկա գագաթաժողովից առանձնակի արդյունքեր սպասել չարժե: Այս մասին գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung հրատարակությունը: Թերթը նշում է G7-ի մասնակիցների միջև հարաբերությունների վատացման մասին: Մասնավորապես, Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում վատացել են գերմանական պաշտոնատար անձանց նկատմամբ ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսության պատճառով:
Մյուս կողմից, պարբերականը վստահ է, որ գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունը թույլ չի տա լուծել միջազգային քաղաքականության հարցերը: Սակայն, հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Տիմերմանսը նախորդ շաբաթ հայտարարել է, որ Եվրահանձաժողովը դեռևս չի տեսնում «Մեծ ութնյակի» վերադառնալու հնարավորություն: Նման կարծիք ունեն նաև G7-ի մասնակից երկրները:
«Մեծ ությակը» վերածվել է «յոթնյակի» այն բանից հետո, երբ G7 երկրները 2014 թվականի որոշեցին չմասնակցել Սոչիում կայանալիք զարգացած երկրների ոչ պաշտոնական «ակումբի» հանդիպմանը: Դրա փոխարեն նրանք հանդիպեցին Բրյուսելում, բայց արդեն առանց Ռուսաստանի: Նման որոշման պատճառ է դարձել ուկրաինական հակամարտությունը: Այսօր «Մեծ յոթնյակի» մեջ մտնում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան: