Թուրքիայի քրդական կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

10:37     3 հունիսի, 2015

Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին  РИА Новости-ին հայտնել է կուսակցության միջազգային հարցերով փոխնախագահ Նազմի Գյուրը:

«Մենք կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների կատարմանը և սահմանի բացմանը: Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կախված լինեն ղարաբաղյան խնդրի կարգավորումից, դա հայ և ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է, որը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Մենք կողմ ենք նաև Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը», - ասել է Գյուրը:

 Թուրքիայում  հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 20 կուսակցություն, որոնցից 4-ն իրական հնարավորություն ունեն հաղթահարելու 10 տոկոսանոց շեմը:  Սոցիալական հարցումների համաձայն` իշխող Արդարություն և  զարգացում կուսակցության համար մտադիր է քվեարկել հարցմանը մասնակցածների 41 տոկոսը: Ձախակենտրոն Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կարող է 29 տոկոս ձայների հույս ունենալ, Ազգային շարժում ազգայնական կուսակցությունը` 14 տոկոսի, իսկ քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը` 11 տոկոսի:


© armedia.am